ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մենք` բոլոր-բոլորս, նույն տեղից ենք գալիս

Մենք` բոլոր-բոլորս, նույն տեղից ենք գալիս
15.04.2024 | 08:05

Փողոցի երկու կողմերում քչքչան առուներ էին: Այդ առուները հիմա չկան: Բաղեղապատ ցանկապատերի տակ ու առվի թմբերին դաղձն էր աճում: Հիմա ոչ դաղձի բույրը կա, ոչ ցանկապատերը: Հողաշեն գոմի ու ծեր թթենու արանքում փայտաշեն դռնակը միշտ կիսաբաց էր, իսկ պատի տակ դրված նստարանին ստվերները կախվում էին թեթև սավանի նման: Հողե պատն արդեն չկա, թթենին սղոցել են, ստվերներն անցան փշրված դռնակի ու նստարանի հետ:

Առվի ափին պպզած տղան թթենու մեծ տերևներից նավակներ էր շինում: Տղայի ծնկները վերքոտ էին, դեմքն` արևահար, ինքը` բոկոտն ու երջանիկ: Մարդիկ անցնում էին փողոցով ու ժպտում էին նրան: Ու ինքն էլ ժպտում էր այդ մարդկանց: Հիմա նրանք էլ չկան` այդ ծանոթ ու ժպտուն դեմքերը: Ոչ ոք չկա:

Այդպես հանդարտ ու հեշտ նավակները լողացին ու անհետացան, ջրերը հոսեցին ու ցամաքեցին, տարիները գլորվեցին ու փոշիացան, և ո՞վ կասի, թե ես էի այն տղան` բոկոտն ու երջանիկ…

Եվ դուք, մարդիկ, որ եկաք հետո, և դուք, որ նոր պիտի գաք, իրավունք ունեք չիմանալու, չճանաչելու, չտեսնելու այն, ինչը ձերը չի եղել: Բայց ես ձեզ հիմա մի բան կասեմ, որին կասկածել չեք կարող.

- Մենք` բոլոր-բոլորս, նույն տեղից ենք գալիս:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 4671

Մեկնաբանություններ